Որպես ՀՀՇ ղեկավար մենք երկու հոգու ենք ճանաչում`մեկը Լեւոն Տեր Պետրոսյանն է, մյուսը` Վանո Սիրադեղյանը: Մնացած ով էլ որ դուրս գա վարչությունից, էական չէ, բոլորը մեր պես շարքային են եւ ոչինչ չեն կարող փոխել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀՇ շուրջ վերջին իրադարձությունները, հայտարարել  են Գյումրիի եւ Մարալիկի ՀՀՇ վարչության  պատասխանատուները:

«Նախ ասեմ, որ ՀՀՇ կազմալուծման մասին լուրերը սուտ են, չեն համապատասխանում իրականությանը, դա չարակամների ու շահագրգիռ ուժերի ցանկությունն է, որ մատուցում են իրականության տեղ»,-ասել է Գյումրիի ՀՀՇ վարչության խորհրդի նախագահ Մուրադ Գրիգորյանը: Նա չի կամեցել  մեկնաբանել ՀՀՇ վարչության նախկին նախագահ, վարչության անդամ Արարատ Զուրաբյանի կուսակցության շարքերից հեռանալու փաստը` ասելով, որ իր համար դա էական նշանակություն չունի:

ՀՀՇ Մարալիկի պատասխանատու, նախկին քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանն ասել է, թե շատ են այս օրերին ՀՀՇ անդամագրվողները, ինչպես Մարալիկում, այնպես էլ Գյումրիում ու Արթիկում:

Հարցին, թե ինչո՞վ է բացատրվում այս կուսակցության նկատմամբ հետաքրքրության աճը Շիրակի մարզում, նա պատասխանել է. «Մեր 3 ամյա գործունեությունը նոր են հասկացել ու գնահատում են»: