Արարատի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու առաջադրված Աբրահամ Բաբայանն արձագանքել է Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանի` NEWS.am-ին տված  հարցազրույցին, որում նա մի շարք մեղադրանքներ է հասցեագրել գործող քաղաքապետին: Բաբայանը պնդեց, որ Թովմասյանի բոլոր մեղադրանքները «զրպարտության եւ ստախոսության շարքից են»:

Պարոն Բաբայան, Ձեր նախորդը Ձեզ մեղադրում է իր ստորագրությունը կեղծելով մանկապարտեզներ, պատկերասրահ յուրացնելու մեջ: Ճի՞շտ է  դա:

Կեղծելու մեծագույն վարպետը ինքն է, իր գործերը այժմ գտնվում են նախաքննական մարմնում: Ինչ վերաբերում է իմ կողմից կեղծիքներ անելուն, ապա դա իրականությանը չի համապատասխանում, հետաքննություն կիրականացվի, որն էլ կպարզի ամեն բան:

Այդ դեպքում`Թովմասյանն ի՞նչ հիմքով է Ձեզ նման լուրջ մեղադրանքներ հասցեագրում:

Գիտեք ինչ, նա չորս տարի առաջ պարտվել է ընտրություններում` իմ հետ մրցապայքարում, չի հաշտվում իր պարտության հետ եւ չի թողնում, որ թանաքը չորանա: Նա, այսպես ասեմ` համաշխարհային կլյաուզնիկ է: Մի մարդ, որը Արարատի 1800 ընտանիքի դատի է տալիս, եւ աղի արցունք թափող         թոշակառուներից եւ նպաստառուներից գումարներ է շորթում, ի՞նչ կարող ես ասել: Սա այն նույն մարդն է, ով քաղաքապետի թեկնածու առաջադրվելով գույքի  հայտարարագիր է ներկայացնում, որում նշված է, թե ինքն ընչազուրկ է, ոչ տուն, ոչ մեքենա ունի, ապրում է իր քենու տանն ու իր ունեցածը միայն իր անձնագիրն է: Ես այդ մարդու մասին ինչ կարող եմ ասել: Դեռ պետք է պարզել, թե նա, որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունի՞ առաջադրվել քաղաքապետի թեկնածու, թե՞ ոչ: 

Դուք պնդում եք, թե Արարատի քաղաքապետը կեղծ հայտարարագի՞ր է ներկայացրել Ընտրական հանձնաժողով:

Միանշանակ, նա ունի ամեն ինչ, եւ տուն, եւ մեքենա եւ մնացածը:

Պարոն Բաբայան, նախկին քաղաքապետը  գնահատական տվեց նաեւ ձեր պաշտոնավարման տարիներին` նշելով, որ թերացել եք մասնավորապես միջազգային կառույցների հետ աշխատանքում: Ասաց նաեւ, որ կարող էիք անել 10 անգամ ավելին, քան արել եք:

Ես նրանից ժառանգություն եմ ստացալ 17 տարվա ընթացքում քանդված մի քաղաք, այդ ժառանգության վրա քարը քարի վրա դնելով Արարատ քաղաքը քաղաքի եմ վերածել: Իսկ եթե նա կարծում է, որ արվել է ավելի քիչ, քան հնարավոր էր, ապա դա մտածելակերպի խնդիր է: Նրա գլխում երեւի քամիներ են ներս ու դուրս անում:

Ինչ վերաբերում է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքներին, ապա ես համագործակցում եմ բոլորի հետ էլ. Օրինակ` USAID-ի հետ, Գերմանիա, Լեհաստանի դեսպանատների հետ, ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակի հետ: Արարատում հիմնվել է «Օրհուսի» մարզային կենտրոնը, որի հետ նույնպես համագործակցում ենք: Համագործակցում ենք նաեւ Արարտում գործող մի շարք հ/կ-ների հետ:

Պարոն Բաբայան, հայտնի է, որ Դուք զրկել եք Թովմասյանին Արարատի պատվավոր քաղաքացու կոչումից: Ի՞նչ հիմքով եք նման բան արել: 

Մի մարդ, ով ընտրություններում պարտվելուց հետո դատի է տալիս Արարատի 1800 ընտանիքի եւ դատարանների դռները քարշ տալով գումարներ է կորզում` նրանց մեղադրելով իր պաշտոնավարման տարիներին կոմունալ վճարումներից խուսափելու մեջ, այդ մարդը իրավունք չունի լինել պատվավոր քաղաքացի: Պատվավոր քաղաքացի լինելու իրավունք ունեն նրանք, ովքեր կատարում են բարեգործություններ:

Պարոն քաղաքապետ, Դուք ՀՀԿ անդամ եք: Ձեր կուսակցությունն արդեն հայտարարե՞լ է ընտրություններում Ձեզ աջակցելու մասին:

Այո, ՀՀԿ-ն միանշանակ սատարելու է ինձ:

Ձեզ հայտնի՞ է, թե ով է աջակցելու Ձեր մրցակցին: Նա ասաց, որ թեկնածու է առաջադրվել, քանի որ իր` քաղաքապետ դառնալու պահանջարկը կա:

Ինձ շատ քիչ է հետաքրքրում, թե ովքեր են նրան աջակցելու: Ընտրությունները տեղի կունենան հուլիսի 4-ին եւ այդ օրն էլ պարզ կդառնա, թե ում պահանջարկն ունեն արարատցիները: Ես երաշխավորում եմ, որ ընտրությունները լինելու են ազատ եւ արդար, մաքուր, ընտրակաշառքի բաժանումը բացառում եմ: 

Պարոն Թովմասյանը մեզ հետ զրույցում ակնակեց, որ քաղաքապետի նախորդ ընտրությունների ժամանակ Դուք ընտրակաշառքի միջոցով եք քաղաքապետ դարձել:

Նման խոսակցությունները ես որակում եմ որպես իմ հասցեին ցեխ շպրտելու անհաջող փորձ: Ես ընտրություններում մոտ 2300 ձայն ավելի եմ ստացել Թովմասյանից  եւ միայն այդ ձայների շնորհիվ եմ դարձել քաղաքապետ: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ապա Ձեզ ներկայացնեմ ընտրակաշառքի մի ձեւ, որի հեղինակը Թովմասյանն է: Նա այն ընտանիքներին, որոնց դատի է տվել եւ այսօր նրանցից ԴԱՀԿ աշխատակիցների միջոցով գումարներ է բռնագանձում,  գործարք է առաջարկել. ասում է`ընտրություններում ինձ ընտրեք, ես հեչ կանեմ բողոքները: Համաձայնեք, որ ընտրակաշառքի շատ օրիգինալ տարբերակ է եւ հերթական կեղտոտ սուտը:

Զրուցեց Ելենա Գեւորգյանը