Մենք տեսնում ենք կովկասյան օրակարգի կողմնորոշումը: Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային բավականին տիպական հակամարտությունից վերածվում է Սիրիայում գոյություն ունեցողին նման ինչ-որ բանի: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Երեւանում կլոր սեղանի ժամանակ ասաց ռուս քաղաքագետ եւ պատմաբան Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ կարելի է նկատել թուրք-ռուսական «համատիրություն», որը շատ տարբեր արձագանքներ եւ տարբեր գնահատականներ է առաջացնում: «Սրա հետ կապված առաջանում է անցյալի եւ ներկայի միջեւ զուգահեռներ գտնելու գայթակղություն»,- խոստովանեց Մարկեդոնովը:

Քաղաքագետը, սակայն, համոզված է, որ չարժե նման զուգահեռներ փնտրել: Նրա կարծիքով՝ անցյալ դարի 20-ական թվականների Թուրքիան եւ Ռուսաստանը չափազանց շատ են տարբերվում իրենց ժամանակակից քաղաքական եւ պետական կազմավորումներից:

Ինչպես հավաստիացրեց քաղաքագետը, սկզբում ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Ռուսաստանում չի եղել ինչ-որ մեկ քաղաքական միջուկ, քանի որ այն տարիներին թե՛ Ռուսաստանում, թե՛ Թուրքիայում, ըստ էության, քաղաքացիական պատերազմ էր ընթանում: Ավելին՝ ո՛չ բոլշեւիկյան ղեկավարությունը, ո՛չ Քեմալ Աթաթուրքի կառավարությունը ոչ մեկի կողմից ճանաչված չէին:

Իսկ այդ ժամանակվա ՌՍՖԽՀ համագործակցությունը քեմալական Թուրքիայի հետ քաղաքագետը միանգամայն տրամաբանական է համարում, քանի որ թե՛ մեկը, թե՛ մյուսը իշխանության էին եկել հեղափոխական գործընթացներով եւ դրսից որոշակի ճանաչման կարիք ունեին: