«Երկիր» օրաթերթը գրում է. «Սեւ ծովի վրացական ափերը տրամադրվել են օտարերկրյա, այդ թվում՝ հայ ներդրողներին։ Նրանք արդեն հսկայական ծախսեր են կատարել։ Միայն աջարական Բաթում, Քոբուլեթ եւ այլ բնակավայրերում հայերը 4 միլիոն ԱՄՆ դոլար են ծախսել հյուրանոցային համալիրներ կառուցելու համար։ Հատկանշականն այն է, որ տեղի իշխանություններն այդ տարածքները ներդրողներին տրամադրել են անվճար, նաեւ 15 տարով ազատել հարկային պարտավորություններից։ Բաթումի շինարարական դեպարտամենտի ղեկավար Զվիադ Բուչուլաձեն հայտարարել է, որ իրենց առաջարկներին առաջինը արձագանքել են հայերը, եւ այսօր հայկական ընկերությունները կառուցում են 2 հյուրանոց, որոնց բացումը տեղի կունենա տարեվերջին։

Վրացական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Հայկական ընկերության նախագահ Սարգիս Հոգաբեկյանն ասել է, որ չեն պատրաստվում դրանով սահմանափակվել եւ առաջիկայում նախատեսում են կառուցել նաեւ առողջարան, որը կգործի ամբողջ տարին։

Ծրագրված է նաեւ հայկական կապիտալով Քոբուլեթ քաղաքում կառուցել նոր համերգային դահլիճ, որտեղ կանցկացվեն էստրադային երգի ամենամյա փառատոն–մրցույթներ»։