Հարավային Օսեթիայի պաշտպանության եւ պետական պահպանության մոտ 2 հարյուր աշխատակիցներ ներխուժել են խորհրդարանի շենք եւ պահանջել փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, որոնք թույլ կտան նախագահ Էդուարդ Կոկոյտիին առաջադրվել երրորդ ժամկետով:

Զինված անձանց գործողությունները ղեկավարել են պաշտպանության փոխնախարար Իբրահիմ Գասսեւն ու պետական պահպանության ծառայության պետ Գենադի Կոկոեւը: Նախօրեին Գերագույն դատարանն արգելել էր հանրաքվեի դնել Կոկոյտիի` երրորդ անգամ առաջադրվելու հնարավորության հարցը: Նախագահը նախքան հարցի քննարկումը հայտարարել էր, թե մտադիր չէ առաջադրվել:

«Մենք խնդրեցինք սպասել, նախքան կքննարկենք օրակարգի հարցերը»,- ասել է խորհրդարանի նախագահ Յուրի Ջիցցոյտին:

Վերջին տվյալներով, զինված անձինք լքել են խորհրդարանի շենքն ու տեղակայվել շենքի մոտ:

Էդուարդ Կոկոյտին հանձնարարել է գլխավոր դատախազ Թայմուրազ Խուգաեւին պարզել միջադեպի հանգամանքները: