27-ամյա բուժքույր Մեգի Բաքրաձեն, ով վերակենդանացման բաժանմունքում էր հայտնվել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո, մահացել է ԹՊՄՀ Առաջին համալսարանական կլինիկայում: Այս մասին հայտնում է «Մթավարի» հեռուստաալիքը:
COVID-19-ի դեմ պատվաստումից հետո առաջին լուրջ բարդությունը գրանցվել էր Վրաստանում մարտի 18-ին: Դեպքը տեղի էր ունեցել երկրի հարավում գտնվող Ախալցխա քաղաքի «Իմեդի» կլինիկայում:
AstraZeneca դեղամիջոցի օգտագործումից շուրջ կես ժամ անց 27-ամյա բուժքրոջ մոտ ենթադրաբար անաֆիլակտիկ ցնցում էր զարգացել: Նախորդ գիշերը նրան ռեանիմոբիլով տեղափոխել էին Թբիլիսի,, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Նախատեսված բուժումը դրական արդյունքներ չէր տվել: Հիվանդը մնում էր ծայրահեղ ծանր վիճակում, մի քանի անգամ բժիշկները ստիպված էին վերականգնել սրտի աշխատանքը:
Վրաստանի առողջապահության նախարարության կարգավորող գործակալությունը միջադեպի հետաքննություն է սկսել: Ստուգումներ են անցկացվում, այդ թվում՝ Ախալցխայի կլինիկայում:
COVID-19-ի դեմ պատվաստումները Վրաստանում սկսվել էին մարտի 15-ին: Այս փուլում պատվաստվել է ավելի քան 2.7 հազար բուժաշխատող:
Առողջապահության նախարարության որոշմամբ՝ AstraZeneca դեղամիջոցը կշարունակի օգտագործվել բժշկական անձնակազմին կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար՝ չնայած Ախալցխայում արձանագրված դեպքին:
Որոշումն ընդունվել է Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) եզրակացությունների հիման վրա: Նախօրեին կարգավորող մարմինն ավարտեց հետաքննությունը, որը սկսվել էր AstraZeneca-ով պատվաստվածների մոտ արյան թրոմբների ի հայտ գալու մասին հաղորդումների ֆոնին: Վերջնական զեկույցում ասվում էր, որ այս պատվաստանյութը անվտանգ եւ արդյունավետ է, իսկ դրա օգտագործման առավելությունները գերազանցում են ռիսկերը:



























