Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական խաչ շքանշանի առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու խնդրով, հունիսի 15-ին կազմակերպված ստորագրահավաքի ժամանակ մինչեւ ժամը 20.00-ը ստորագրողների թիվը հասել է 3000-ի, իսկ մինչ այդ հավաքված ստորագրությունների հետ միասին այն դարձել է մոտ  7000:

Ստորագրահավաքի նախաձեռնող Հայազն Երիտասարդների Միաբանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կոնսերվատորիայի դիմացի պուրակում կազմակերպված ստորագրահավաքին միացել են տարբեր քաղաքական գործիչներ: Բացի անհատներից միացել են նաեւ կազմակերպություններ, որոնց թվում են եղել  «Ադանա» Հայրենակցական միությունը եւ «Միացյալ Հայրենիք» հասարակական կազմակերպությունը:

Ստորագրահավաքին մասնակցող քաղաքացիները նշել են, որ իրենք միանում են այդ գործընթացին ոչ միայն այն պատճառով, որ կիսում են Ժիրայր Սեֆիլյանի մոտեցումները կամ գործունեությունը, այլեւ՝ որ մեծապես գնահատում են նրա ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում։

Հունիսի 20-ից Միաբանությունը կսկսի ստորագրահավաքի երկրորդ փուլը, որն իր մարտավարությամբ կտարբերվի արդեն իսկ եղածից:

Հուլիսի 10-ին հավաքված ստորագրությունները Հայազն երիտասարդների միաբանության անդամերը երթով կտանեն եւ կհանձնեն նախագահի նստավայր: