Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MIT) զգուշացրել է իրավապահ մարմիններին, որ Հրանտ Դինքի մարդասպանի դեմ մահափորձ է նախատեսում «Թուրքիայի կոմունիստական կուսակցություն-մարքսիստ լենինիստ/ Թուրքիայի աշխատավորների եւ գյուղացիների ազատագրման բանակ» (TKP-ML/TIKKO) ահաբեկչական կառույցը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Star-ը՝ նշելով, որ մահափորձը նախատեսվում է իրականացնել այն պահին, երբ Օգյուն Սամասթին դատական նիստերի համար կալանավայրից տեղափոխում են դատարան։ MIT-ի կողմից այս զգուշացումից հետո ուժեղացվել է հսկողությունը Օգյուն Սամասթի նկատմամբ։
Նշվում է, որ Դինքի սպանության մեջ գործիք օգտագործված Օգյուն Սամասթին վերացնելու TKP-ML/TIKKO-ի նախաձեռնությունն ավելի է շատացնում սպանության հետեւում կանգնած մութ ուժերի վերաբերյալ հարցերը։ Օգյուն Սամասթին սպանելով՝ կդժվարանա սպանության հետեւում կանգնածների հայտնաբերման գործընթացը։




























