Լիբանանում ֆինանսական ճգնաժամի եւ լոքդաունների պատճառով եկամուտների կրճատումը դարձել է բժշկության ոլորտում հազարից ավելի մասնագետների երկրից հեռանալու պատճառը: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է Լիբանանի բժիշկների պրոֆմիության ղեկավար, պրոֆեսոր Շարաֆ Աբու Շարաֆը: «Մեր երկիրը, որը երկար տարիներ շարունակ հռչակված էր որպես Մերձավոր Արեւելքի բուժարան, առաջին անգամ զրկվել է իր բժշկական կադրերի զգալի մասից»,- շեշտել է պրոֆեսորը:
Նրա տեղեկություններով՝ հեռացածների կամ պայմանագրերի ստորագրմանը սպասողների թիվը կազմում է բուժանձնակազմի 20-30 տոկոսը: «Մենք առողջապահության հատվածում ստեղծված իրավիճակը կրիտիկական ենք համարում, որովհետեւ արտասահման են մեկնում 35-55 տարեկան պրոֆեսիոնալները,- նշել է Աբու Շարաֆը: - Այդ թվում՝ նրանք, որոնք ոչ միայն հոսպիտալներում ու մասնավոր կլինիկաներում մարդկանց են բուժել, այլեւ դասավանդել են համալսարանական ամբիոններում»: Հետեւաբար, նրա կարծիքով, օրինաչափ է խոսել «Լիբանանից ուղեղների արտահոսքի մասին»:
Պրոֆմիության ղեկավարը հայտնել է, որ բժիշկները, որոնք Լիբանանում միշտ պատկանել են միջին դասին, հանկարծ հայտնվել են մի վիճակում, երբ ծայրը ծայրին հազիվ են հասցնում: «2019 թվականի ճգնաժամի բռնկվելուց հետո շատերի համար խնդիր է դարձել թանկարժեք սարքավորման դիմաց վճարելը եւ շենք վարձելը, կենցաղային պայմանները վատթարացել են, դեղատներից անհետացել են անհրաժեշտ դֆեղամիջոցները»,- ընդգծել է նա:
Դրանից բացի, 2020 թվականի օգոստոսին Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով ավերվել էին 4 խոշոր հոսպիտալներ եւ տասնյակ մասնավոր կլինիկաներ: «Պետության խոստացած օգնությունն այդպես էլ չի ստացվել, ինչը մարդկանց դրդել է երկրից հեռանալու որոշման»,- ամփոփել է պրոֆեսորը:
Աբու Շարաֆի կարծիքով՝ Պարսից ծոցի արաբական երկրներում պայմանագրեր կնքած բժիշկները, ամենայն հավանականությամբ, հայրենիք կվերադառնան իրադրության կայունացմանը զուգահեռ: «Սակայն անչափ փոքր է այն բժիշկների վերադառնալու հույսը, որոնք աշխատելու են մեկնել Արեւմտյան Եվրոպա, ԱՄՆ, Կանադա եւ Ավստրալիա»,- ասել է նա:
Պրոֆմիության ղեկավարը հայտնել է, որ իշխանություններին է դիմել բժիշկների սոցիալական պաշտպանվածությունը բարեկավելու պահանջով, որոնք աշխատում են համավարակի դեմ պայքարի առաջնագծում: «Վարակված պացիենտների հետ շփումներից հետո կորոնավիրուսի հետեւանքով մահացած բժիշկները պետք է հավասարեցվեն ծառայողական պարտքը կատարելիս զոհված հերոսներին»,- նշել է Աբու Շարաֆը:





























