Հայաստանի բնակիչները ընտանեկան բյուջեի 60-65%-ը ծախսում են սննդի վրա: Այս մասին մարտի 24-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա գնահատականով՝ սա բացասական ցուցանիշ է, եւ այս առումով որեւէ հուսադրող գործոններ առայժմ չկան: Ընդհակառակը, վերջին տարիներին միտումը գնում է դեպի այս տոկոսի աճ:
Նա բացատրեց, որ զարգացած երկրներում այս ցուցանիշը կազմում է 25-30%, շատ դեպքերում՝ 25%:
«Եթե այս երկրներում մարդը իր աշխատավարձի 25%-ից ավելին է ծախսում սննդի վրա, ապա նա ընդգրկվում է այն քաղաքացիների ցուցակում, ում սոցիալական ծրագրերի շրջանակներում աջակցություն են ցուցաբերում»,- նշեց Պողոսյանը:
Հայաստանում ընտանեկան բյուջեի ծախսային մասի երկրորդ տեղում, ինչպես հավելեց փորձագետը, գտնվում են կոմունալ ծառայությունները (էլեկտրականություն, գազ, ջուր), իսկ երկրում շատերի համար մշակութային հանգստի համար ծախսերը հավասար են զրոյի:
«Միշտ ասել եմ՝ մարդը ծնվել է ոչ թե լոլիկ օգտագործելու կամ կոշիկ գնելու համար, այլ հոգեւոր կյանքով ապրելու համար: Եթե եկամտի հիմնական մասը ծախսվում է կենցաղային կարիքները հոգալու վրա, ապա դա նորմալ չէ»,- եզրափակեց Հայաստանի սպառողների միության նախագահը:





























