Caucasus Online LLC-ի սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերությանը: Գործարքի արդյունքում ընկերության 100% սեփականատեր է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը:

Ինչպես հայտնում է businessformula.ge պորտալը, այս գործարքը չի համաձայնեցվել Կապի հանձնաժողովի հետ: Ըստ այդմ, հանձնաժողովը Հասանովին համարում է Caucasus Online-ի անօրինական սեփականատեր:

Caucasus Online-ը 2008 թվականից Tyco Electronics-ի կողմից կառուցված 1200 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխի միանձնյա սեփականատերն է, որի օգնությամբ ապահովվում է ինտերնետի տարանցիկ մատակարարումը Եվրոպայից Հարավային Կովկասի եւ Կասպից ծովի տարածաշրջան: Օպտիկամանրաթելային մալուխը տեղակայված է Սեւ ծովի հատակում, ինչը թույլ է տալիս Եվրոպայից Ասիա բարձրորակ ինտերնետի ուղղակի առաքում:

Հենց այս նպատակի համար է 2019-ին Նասիբ Հասանովը Caucasus Online-ի սեփականատեր Խվիչի Մակացարիայից ձեռք բերել International Online Networks LLC ընկերության 49% բաժնեմասը: Գործարքը տեղի է ունեցել օֆշորային գոտում, մասնավորապես՝ բրիտանական Վիրջինյան կղզիներում:

Ինչպես անցյալ տարվա օգոստոսին գրել էր «Բիզնես Գրուզիան», Հասանովը աննախադեպ նախագիծ է նախաձեռնել Հարավային Կովկասում: Նա ուզում է Չինաստանը միացնել Եվրոպային օպտիկամանրաթելային մալուխի միջոցով, որն անցնում է մեր տարածաշրջանով: Դրա համար նա բանակցություններ է վարում Վրաստանի ու Ղազախստանի հետ: Ըստ նախագծի, մալուխը, որը Եվրոպայից գնում է Վրաստան, անցնելու է Ադրբեջանով, այնուհետեւ Կասպից ծովի հատակով եւ միանալու է Ղազախստանի ենթակառուցվածքներին՝ այդպիսով Շանհայը միացնելով Ֆրանկֆուրտին, եւ Հարավային Կովկասը այս նշանակալի նախագիծի մի մասն է լինելու:

Նախագիծը հակասում է ռուսական շահերին, քանի որ Չինաստանը ներկայումս Եվրոպայի հետ իր ինտերնետային կապի համար ակտիվորեն օգտագործում է Ռուսաստանի հեռահաղորդակցման ենթակառուցվածքը: Տրանսկասպյան նախագիծը հնարավորություն է տալիս, բացի Չինաստանից, ինտերնետ վաճառել նաեւ Կենտրոնական Ասիային եւ Հնդկաստանին: