Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) լիազորություններն ընդլայնելու մասին նախագծի իրական նպատակները խիստ խնդրահարույց են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Ըստ նախագծի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից եւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերեւույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք:
Նշենք, որ «բարդ գործերի» դեպքում՝ ԲԴԽ-ն պետք է ընտրի՝ որ դատավորին մակագրել քրեական գործը։
Երվանդ Վարոսյանի խոսքով՝ իշխանությունները փորձ են անում սահմանափակել դատավորների անկախությունը.
«Թե՛ ընդհանուր ուղղությունն է այդպիսին, թե՛ այն մեկնաբանման ենթակա ձեւակերպումները, որ կան նախագծում, դրանք եւս միտված են դրան։ Օրինակ՝ բացարձակ անհասկանալի է, թե ի՞նչ սկզբունքով է ԲԴԽ-ն դատավորներ ընտրելու այս կամ այն գործի համար։ Եթե նախագծի հեղինակներն այդ ամենը պատճառաբանում են հանգամանքով, թե պատահում է, որ բավարար փորձ չունեցող դատավորները բարդ գործեր են քննում, ապա եթե սահմանվեր, որ, օրինակ՝ առաջին 3 տարին դատավոր աշխատող անձինք պիտի քննեն ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններով գործեր, դա կլիներ հասկանալի։ Բայց երբ մենք հանդիպում ենք «բարդ գործեր» ձեւակերպումներին, ապա ակնհայտ է, որ միտումը մեկն է՝ այս կամ այն գործի համար ընտրել հարմար դատավոր։ Ընտրել դատավոր, որը պատրաստ կլինի կատարել իշխանությունների կամքը»։
Փաստաբանը նշեց, որ իշխանությունների կամքը կատարող դատավորներ դատական համակարգում շատ վաղուց կան. «20-25 տարի դատական համակարգում կամակատար դատավորների գորշ զանգված կա։ Նրանցից պետք էր ազատվել, բայց տեսնում ենք հակառակը, որ այս իշխանությունների սիրելին են դառնում այդ կամակատար դատավորները»։
Անդրադառնալով կարգապահական պատասխանատվության ենթարկելուն՝ փաստաբանն ասաց. «Անկհայտ է, որ փորձ է արվում ԲԴԽ-ն սարքել մահակ՝ դատավորների գլխին։ Իշխանությունն ուղիղ է ասում, թե ինչ է ուզում անել. հրապարակային ելույթներում, ֆեյսբուքյան գրառումներում, մեկնաբանություններում նշում են, որ իրենց պետք է կամակատար դատական համակարգ։ Սրա հետեւանքները շատ ծանր են լինելու»։
Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ՝ նախագծի որոշ կետեր Սահմանադրությանը հակասող են. «Ուղիղ հակասություններ կան Սահմանադրության հետ, հատկապես այն պարագայում, երբ խոսքը այս կամ այն դատավորից գործը վերցնելու եւ մեկ այլ դատավորին հանձնելու մասին է»։
Փաստաբանն ընդգծեց, որ այդպիսով ԲԴԽ-ն դատական համակարգում դառնում է ներքին անվտանգության վարչություն.
«Փոխարենն ամեն ինչ անեն, որ դատական համակարգը բուրգի չվերածվի, արվում է հակառակը. փորձ է արվում ստեղծել ուղիղ դատարանների նախարարություն՝ նախարարով։ Այդ նախարարն էլ պիտի ունենա ինչ-որ ներքին անվտանգության համակարգ, որը պիտի զբաղվի ոչ հաճո դատավորներին հետապնդելով։ Նրանք ուզում են դատարաններից ստանալ ՀՔԾ-ի նման մի բան. իրենց ենթակայության տակ գտնվող, իրենց հրահանգները կատարող»։





























