Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ մարտի 24–ին,  ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջից։

«Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը, Earlyone եւ Limetech ընկերությունների հիմնադիր Գեւորգ Սաֆարյանը եւ The Crowdfunding Formula ընկերության համահիմնադիր Գեւորգ Պողոսյանը ներկայացրել են իրենց մտահոգություններն այն նախագծի վերաբերյալ, որը նախատեսում է վերացնել գիտության պետական բյուջեից ֆինանսական հատկացումների նվազագույն շեմին վերաբերող երաշխիքը: Դա իր հերթին կարող է հանգեցնել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվող միջոցների կրճատման։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կառավարության մարտի 11-ի նիստում որպես չզեկուզվող հարց ընդունված եւ ԱԺ ուղարկված նախագծերի փաթեթին:

Նրանց կարծիքով՝ գիտական գործունեության բնույթը անպիսին է, որ պահանջում է պետական երկարաժամկետ հանձնառություն:

Ուստի, իրական արդյունք ապահովելու համար ոչ թե պետք է օրենքով առկա երաշխիքները վերացնել, այլ հատկացվող միջոցների աճն օրենքում ամրագրել։

«Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչները նշել են, որ գիտական եւ գիտատեխնիկական գործունեությանն ուղղվող պետբյուջեի հատկացումների նվազեցումը կամ նվազեցումից պատսպարող օրենսդրական պահանջների վերացումը կազդի Սահմանադրությամբ յուրաքանչյուր անձի համար երաշխավորված գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության վրա։

Արման Թաթոյանը հանդիպմանը նշել է, որ կարեւոր սահմանադրական իրավունքներ են ստեղծագործական ազատությունն ու կրթության իրավունքը:

Պաշտպանը նշել է, որ նախագծային լուծումները, այդ թվում՝ գիտության վերաբերելիության մասով, պետք է դառնան տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ մանրամասն քննարկման առարկա, եւ պետք է բացառվի մեխանիկական որեւէ մոտեցում՝ առանց հաշվի առնելու բովանդակային հարցերը:

Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակում աջակցել բարձրացրած խնդիրների լուծմանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։