NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Սեւան քաղաքի Նալբանդյան 36 հասցեի մի շարք քաղաքացիներ բողոքում են, որ իրենց՝ 4-րդ աստիճանի վթարայնության աստիճան ունեցող շենքի հիմքերը խարխլված են, եւ իրենք մտավախություն ունեն, որ բնակարանների ճաքած պատերն ամեն վայրկյան կարող են փլվել։ Անհանգստացած քաղաքացիների խոսքով, Սեւանի քաղաքապետարանը, մինչդեռ, հարցի լուծման ուղղությամբ էական քայլեր չի ձեռնարկում։
Մանրամասներ ճշտելու համար զանգարահեցինք Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանին։ Մեզ հետ զրույցում նա հաստատեց, որ շենքն, իրոք, 4-րդ աստիճանի վթարայնության է, եւ դրա հիմքերն ամրացնելու համար անհրաժեշտ միջոցներ հայթայթելու համար ինքը գրություններով դիմել է միանգամից մի քանի մարմինների՝ Հայաստանի վարչապետին, Քաղաքաշինության, Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարներին։
«Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին հարցը բարձրացրել է Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի մոտ, ով մեզ երեկ պատասխանել է, որ հանրապետությունում վթարային շուրջ 400 շենք կա, սակայն չկան նմանատիպ շենքերի հիմքերն ամրացնելու համար անհրաժեշտ ֆինանսական մեծածավալ միջոցներ։ Այնպես որ, այս վթարային շենքերի ամրացման կառավարության ծրագիրը, հավանաբար, կիրականացվի առաջիկա տարիների ընթացքում»,- ասաց Գեւորգ Մալխասյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ Սեւանի քաղաքապետարանը Նալբանդյան 36 հասցեի բնակիչներին առաջարկել է ժամանակավորապես բնակվել քաղաքի երաժշտական դպրոցի շենքում, սակայն մարդիկ բողոքել են, որ կոմունալ հարմարություններ չկան։ «Մենք էլ ենք հասկանում դա, սակայն առայժմ այլ բան չենք կարող առաջարկել, համայնքն այլ հնարավորություն չունի, իսկ նրանք եղած տարբերակից էլ են հրաժարվում»,- իր հերթին դժգոհեց Սեւանի քաղաքապետը՝ տեղեկացնելով, որ մուտքի բնակիչներից շատերը, ուշադրություն չդարձնելով իրենց հորդորներին, շարունակում են ապրել փլուզման եզրին գտնվող բնակարաններում։
Ամփոփելով՝ Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի բյուջեից իրենց որոշակի հատկացումներ կարվեն, որոնց հաշվին էլ կկարողանան ամրացնել քաղաքում առկա 4 վթարային շենքերի հիմքերը։




























