Աշտարակում 55-ամյա տղամարդու կողմից սեռական ոտնձգության ենթարկված 4-ամյա երեխայի սեռական օրգանները չեն վնասվել։ Այս մասին այսօր` հունիսի 16-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ դատական բժշկության հանրապետական գիտա-գործնական կենտրոնի տնօրեն, գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը: «Սեռական հարաբերություն չի եղել, բայց հնարավոր է` ուրիշ բան եղած լինի»,- ասաց նա՝ նկատելով, որ ամեն բան կպարզվի դատակենսաբանական ու դատահոգեբանական փորձաքննության արդյունքների առկայության դեպքում։

«Եթե 50 տարեկան չափահաս մարդը 4 տարեկան երեխայի հետ հարաբերություն ունենա, երեխան այնպիսի կոպիտ վնասվածքներ կստանա, որ վիրաբուժության կարիք կլինի»,- նշեց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Աշտարակի ոստիկանություն է դիմել քաղաքացի Լուսինե Հ.-ն եւ հայտնել, որ իր անչափահաս դստեր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել: Կինը տվյալ արարքի մեջ մեղադրել է 54-ամյա Ռուբիկ Պ.-ին, ով ոչ պաշտոնական տվյալներով, երեխայի հայրն է: Հունիսի 1-ին հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (միչեւ 14 տարեկան անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կիրառելը): Առայժմ կասկածյալի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել եւ նրա մեղավորության մասին կարելի է խոսել միայն փորձաքննությունների ավարտից հետո: Այժմ կատարվում է նախաքննություն: