Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների համար դժվար կլինի մինչեւ մայիսի 1-ը զորքերը դուրս բերել Աֆղանստանից:
Նրա խոսքով՝ թեեւ ինքն ուզում է վերջ դնել Ամերիկայի ամենաերկարատեւ պատերազմին, սակայն մայիսի 1-ի վերջնաժամկետը պահպանելը դժվար կլինի: Միաժամանակ նա նշել է, որ չի պատրաստվում «երկար մնալ այնտեղ»:
2020 թվականի փետրվարին Դոնալդ Թրամփի վարչակազմը գործարք էր կնքեց թալիբների հետ: Պայմանագրի համաձայն, բոլոր արտասահմանյան ուժերը պետք է մինչեւ 2021 թվականի մայիս ամիսը հեռանային Աֆղանստանից: Ներկայումս Աֆղանստանում շուրջ 2500 ամերիկացի զինծառայող կա:
Հարցին, թե ԱՄՆ զինված ուժերը եւս մեկ տարի կմնա՞ն Աֆղանստանում, Բայդենը պատասխանել է, որ չի կարծում: «Մենք երկար չենք մնալու: Մենք հեռանում ենք, հարցն այն է, թե երբ ենք հեռանալու»,- ասել է նախագահը` հավելելով, որ իր վարչակազմը բանակցություններ է վարում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ:
2001 թվականի սեպտեմբերի 11-ից Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում պատերազմները ԱՄՆ հարկատուների համար ավելի քան 1,57 տրիլիոն դոլար են արժեցել, ասված է ԱՄՆ ՊՆ զեկույցում:





























