ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում COVID-19-ի դեմ 200 միլիոն դոզայի պատվաստում ապահովելու նոր խնդիր է դրել, եւ հայտարարել է տնտեսական առաջընթացի մասին, հաղորդում է Reuters-ը:
Սպիտակ տանը կայացած առաջին ասուլիսում Բայդենը հայտարարել է, որ պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում 100 միլիոն պատվաստում անելու իր նախնական նպատակին հասել են նախորդ շաբաթ՝ նախատեսվածից 42 օր շուտ: «Ես գիտեմ, որ սա հավակնոտ է, կրկնակի մեր նախնական նպատակից, եւ աշխարհի ոչ մի երկիր նույնիսկ չի մոտեցել դրան»,- ասել է Բայդենը:
Նա նաեւ հայտարարել է տնտեսական առաջընթացի մասին, որը հնարավոր է դարձել գործազրկության ապահովագրություն ստանալու համար դիմող անձանց թվի կրճատմամբ: «Չափից շատ ամերիկացիներ դեռ առանց աշխատանքի են, չափից շատ ընտանիքներ են տառապում, եւ դեռ շատ աշխատանք կա անելու: Բայց ես կարող եմ ամերիկացի ժողովրդին ասել՝ օգնությունն արդեն այստեղ է, իսկ հույսը՝ ճանապարհին»,- ասել է նա:





























