Սա խաղի կանոններ փոխել չի կոչվում, սա ընտրակարգի պարզեցում է, իրականում ընդդիմությունը շատ լավ գիտի, որ ընտրություններից առաջ այս փուլում՝ համամասնականի անցնելուց բացի տեխնիկական փոփոխություններ են լինելու, այսպես ասեմ՝ իրենց կյանքը հեշտացնող փոփոխություններ են: Այս մասին այսօր` մարտի 25-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովհակիմյանը:

Պատգամավորը նշեց, որ դեռ վերջնական որոշում չկա, կարող  է անգամ ընդդիմությունն առաջարկներով հանդես գալ. «Մենք բաց ենք, մեզ համար կարևոր է, որ առաջիկա ընտրությունները լինեն ազատ, անկախ, թափանցիկ և անքննելի»:

Դիտարկմանը, թե Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը հայտարարել էր, որ ընտրական բարեփոխումներն անիմաստ աչքակապություն են, իսկ այս փուլում՝ նաև ընտրական գործընթացը ձգձգելու լրացուցիչ պատրվակ և իշխանությունը ցանկանում է, որ հայտնի օլիգարխների հսկայական չափերի հասնող նվիրատվությունները ուղղվեն իրենց,  պատգամավորն ասաց, որ իրենք չունեն իրենց համակրող օլիգարխներ:

«Մենք չունենք համակրող օլիգարխներ, եթե ասեք խոշոր գործարար, կասեմ՝ այո: Խաչատուր Սուքիասյանը 2008 թվականից այլևս օլիգարխ չի հանդիսանում, որովհետև նա իր կարողության զգալի մասը կորցրեց իր քաղաքական հայացքների համար, իսկ օլիգարխն իշխանությունն իր շահի համար օգտագործող գործարարն է»,-ասել է  նա: