ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ թույլ չի տա Չինաստանին դառնալ աշխարհի ամենահզոր երկիրը: «Նրանց նպատակն է դառնալ աշխարհի առաջատար, ամենահարուստ եւ աշխարհի ամենահզոր երկիրը: Դա իմ օրոք տեղի չի ունենա»,- Սպիտակ տանը կայացած իր առաջին ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը:

Բայդենը նաեւ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ սրվող մրցակցությունը ժողովրդավարության եւ ավտոկրատիայի միջեւ ավելի լայն գլոբալ գաղափարական պայքարի մաս է անվանել: Նա հավաստիացրել է, թե Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին հասկացրել է, որ Միացյալ Նահանգները չի ձգտում առճակատման, բայց պնդելու է, որ Չինաստանը խաղա միջազգային կանոններով՝ հանուն արդար մրցակցության եւ առեւտրի: ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը «ժամեր է անցկացրել» Սի Ցզինպինի հետ, երբ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք փոխնախագահ էր, եւ համոզված է, որ Չինաստանի առաջնորդը կարծում է, որ ժողովրդավարությունն ապագա չունի: «Նա այն տղաներից է, ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով կարծում է, որ ավտոկրատիան է ապագա, եւ ժողովրդավարությունը չի կարող գործել այս բարդ աշխարհում»,- ասել է Բայդենը մամուլի ասուլիսում: Նա ասել է, որ ապագայի վերաբերյալ այլ տեսակետ ունի, ինչը Չինաստանի հետ մրցակցելու համար զգալի ներդրումներ կպահանջի ամերիկացի աշխատողների եւ գիտության մեջ: Բայդենը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը համագործակցելու է դաշնակիցների հետ, որպեսզի Չինաստանին պատասխանատվության ենթարկի Թայվանում, Հոնկոնգում, Հարավչինական ծովում իր գործողությունների եւ ույղուրական փոքրամասնության հանդեպ վերաբերմունքի համար: ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո Սի Ցզինպինի հետ խոսել է երկու ժամ եւ ասել, որ քանի դեռ Չինաստանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները, ԱՄՆ-ը կշարունակի անխնա աշխարհի ուշադրությունը հրավիրել դրա վրա եւ բացահայտել մեղավորներին: