Սանկտ-Պետերբուրգում հունիսի 17-ին պաշտոնապես մեկնարկել է միջազգային տնտեսական համաժողովը: Բացումից անմիջապես հետո սկսվելու է գլխավոր լիագումար նիստը` «Առաջնորդներ նոր դարաշրջանի համար»: Համաժողովի մասնակիցներին դիմելու է Դմիտրի Մեդվեդեւը:
Համաժողովը կայանում է Ռուսաստանի նախագահի հովանավորությամբ: Ահա արդեն մի քանի տարի հետաքրքրությունը Պետերբուրգի տնտեսական համաժողովի նկատմամբ մնում է շատ բարձր: Այս տարի Նեւայի ափ են ժամանել մոտ 5 հազար քաղաքական գործիչներ աշխարհի 70 երկրներից, հարյուրավոր լրագրողներ:
Համաժողովի մասնակիցները մտադիր են քննարկել ամենատարբեր տնտեսական խնդիրները:
Հայաստանը համաժողովին մասնակցում է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությամբ: Պատվիրակության կազմում են նաեւ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:




























