Համաշխարհային բանկի Ներդրումային միջավայրի վարչության կողմից hունիսի 15-17-ին Վիեննայում կազմակերպվել է Ներդրումային քաղաքականության առաջին համաշխարհային աշխատաժողովը, որին մասնակցել են աշխարհի 15 երկրների ներկայացուցիչներ:
«Ներդրումային քաղաքականությունը մրցունակ տնտեսությունների համար» թեմայով աշխատաժողովի հիմնական նպատակն է ներկայացնել եւ բացահայտել ներդրումային քաղաքականության լավագույն փորձը, ինչպես նաեւ քննարկել ներդրումային քաղաքականության միջոցով երկրների մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ հնարավոր գործիքները: Այն նաեւ ուղղված է ներդրումների խրախուսմանն անհրաժեշտ օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ քաղաքական գործոնների քննարկմանն ու վերհանմանը:
Հայաստանի կողմից միջոցառմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը: Աշխատաժողովին Հայաստանը հանդես է եկել «Միջազգային առեւտրի խթանումը Հայաստանում» զեկույցով: Զեկույցում հիմնականում արտացոլված էին արտաքին առեւտրի ոչ սակագնային կարգավորման ուղղությամբ իրականացված բարեփոխումների շրջանակում ձեռք բերված դրական արդյունքները, որոնց շարքում են արտահանողների եւ ներմուծողների կողմից սահմանը հատելիս պահանջվող փաստաթղթերի քանակի կրճատման, ապրանքների արտահանման եւ ներմուծման ընթացակարգերի հեշտացման, ինչպես նաեւ արտաքին առեւտրի հետ կապված ծախսերի կրճատման խնդիրների լուծումները: Բարեփոխումներն իրականացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցությամբ:
Միջոցառմանը եւս մեկ անգամ ընդգծվել է այն կարծիքը, որ բացի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության իրականացումից, վարչարարական խոչընդոտների նվազեցումից, հարկային բեռի թեթեւացումից եւ կոռուպցիայի դեմ պայքարից, ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է օգտագործել ճյուղային (կլաստերային) մոտեցում:
Աշխատաժողովի շրջանակներում կոնկրետ երկրների օրինակներով ներդրումային քաղաքականության, օրենսդրության եւ ներդրումների խրախուսմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ քննարկումներ են ծավալվել:




























