Ռուսաստանում սկսել են առաջին մարդանման ռոբոտի ստեղծումը՝ բաց տիեզերքում աշխատելու համար: Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին հաղորդել են «Ռոսկոսմոս» պետական ընկերության մամուլի ծառայությունում:

Աշխատանքներն իրականացնում են «Ռոսկոսմոս»-ի գլխավոր գիտական ինստիտուտը եւ ՄՏԿ-ի ռուսական հատվածի օպերատոր հանդիսացող հրթիռա-տիեզերական «Էներգիա» կորպորացիան՝ «Տելեդրոիդ» նպատակային ծրագրի շրջանակներում: Մշակումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2025 թվականը: Ներկայումս նոր ռոբոտի վրա աշխատանքը էսքիզային եւ տեխնիկական նախագծման փուլում է:

«Տելեդրոիդը» նման կլինի ոտքեր չունեցող մարդու իրանի եւ կաշխատի ավատարի ռեժիմում՝ պատճենելով կոստյումով օպերատորի շարժումները: Բացի այդ, անդրոիդը կկարողանա ինքնուրույն կատարել որոշ տիպային գործողություններ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ֆեոդոր» ռոբոտը կդառնա «Տելեդրոիդ»-ի մշակման տեխնոլոգիական մոդելներից մեկը: «Ֆեոդոր» անդրոիդն առաջին անգամ մերձերկրային ուղեծիր ուղարկվել է 2019-ի օգոստոսի 22-ին, որտեղ ինքնավար ռեժիմով, տիեզերագնացի վերահսկողությամբ փորձարկում է անցել: Ռոբոտի առաքելությունն ավարտվել է սեպտեմբերի 7-ին, եւ նա անվտանգ վերադարձել է Երկիր, հաղորդում է «Ինտերֆաքսը»: