Ավստրալիայի գլխավոր դատախազ Քրիսթիան Փորթերը եւ պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսը իրենց պաշտոններից կհեռանան բռնաբարությունների շուրջ երկու սկանդալի ֆոնին: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, հայտնում է SBS հեռուստաալիքը:

Գլխավոր դատախազի շուրջ սկանդալը բռնկվել էր փետրվարի վերջին, երբ հայտնի էր դարձել ոստիկանություն ներկայացված բռնաբարության վերաբերյալ հայտարարության մասին, որ 1989 թվականին տեղի էր ունեցել Ավստրալիայի խորհրդարանի շենքում ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպված ուսումնական բանավեճերի ժամանակ: Փորթերը, որն այդ ժամանակ 17 տարեկան էր, բռնաբարել էր 16-ամյա աղջկա, որը նույնպես մասնակցում էր բանավեճերին, նա ինքը մեղադրանքը հերքում է: Գլխավոր դատախազը մարտին դատի է տվել ABC հեռուստառադիոկորպորացիային հոդվածի հրապարակման համար, որը, նրա կարծիքով, պարունակել է 33 տարի առաջ կատարված բռնաբարության կեղծ մեղադրանքներ:

Ինչ վերաբերում է Ռեյնոլդսին, փետրվարին պարզվել է, որ 2019 թվականի մարտին նրա աշխատասենյակում Մորիսոնի ղեկավարած Լիբերալ կուսակցության անդամը բռնաբարել է գերատեսչության աշխատակցուհուն: Նախարարը խոստովանել է, որ բռնաբարության մասին իրեն հայտնել են, բայց հերքել է այն ենթադրությունները, որ նախարարության կողմից տուժածի վրա որեւէ ճնշում է գործադրվել՝ տեղի ունեցածը հանրությունից գաղտնի պահելու համար: