Գեղարքունիքի մարզում այսօր` հունիսի 17-ի գիշերը մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 17-ին ժամը 00:40-ի սահմաններում Սեւանի հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սեւանի բաժին, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մոտ գտնվող «Սեւան» մոթելի դիմացի ճանապարհահատվածում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով, իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ` արդեն մահացած վիճակում:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սեւոնի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն օրը ժամը 00:10-ի սահմաններում, Սեւան-Ճամբարակ ավտոճանապարհի 18-րդ կմ-ում Արթուր անունով երիտասարդը` վարելով Երեւանի բնակիչ, 35-ամյա Արմեն Մինասյանին պատկանող «ՎԱԶ-21112» մակնիշի 15 ՏՕ 511 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորակը:

Ղեկին գտնվող Արթուրը տեղում մահացել է:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սեւանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արթուր Լեւոնյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սեւանի բաժնի տուգանային հրապարակ:

Արդեն առավոտյան, ոստիկանության Սեւանի բաժնի պետի հանձնարարականով ստեղծված օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը Երեւան քաղաքի բնակիչ 30-ամյա Արթուր Գեւորգյանն է:

Քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի