«Կասեք, ո՞նց ստուգեի, եթե ճշտեք, ինձ էլ ասեք»,- նման հարցով այսօր` հունիսի 17-ին կառավարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դիմեց լրագրողներին, որոնք հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է, որ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը ժամանակին նաեւ ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ էր: Ըստ Ա. Սարգսյանի, Ս. Տեր-Պողոսյանն իր պահվածքով հայրենասերի տպավորություն էր թողնում:
Նշենք, որ ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը, որի կազմում ընդգրկված էին մշակույթի եւ գիտության ներկայացուցիչներ, լուծարվել է 2010 թ. դեկտեմբերին: Ըստ կանոնադրության, 2 ամսվա ընթացքում այն պետք է կրկին ձեւավորվեր, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել: Ա. Սարգսյանը մի քանի անգամ նշել է, որ հասարակական խորհուրդը լուծարվել է անարդյունավետ աշխատանքի պատճառով:
ՀՀ ոստիկանապետը նշեց, որ հաջորդ հասարակական խորհրդի անդամների ընտրության հարցում ինքն ավելի ուշադիր կլինի` հաշվի կառնի նրանց մասնագիտական կարողություններն ու ոստիկանական համակարգում ակտիվ ներգրավվածության հնարավորությունը: Նա տեղեկացրեց, որ նոր խորհրդի անդամները թվով ավելի քիչ կլինեն, քան նախկինում, բայց կլինեն գործի մարդիկ: Խորհրդի կազմում կլինեն նաեւ լրագրողներ: Այն կձեւավորվի առաջիկա ամսվա ընթացքում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել էր, որ «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս.Գ. Տեր-Պողոսյանը, 2004-2010թթ. ընթացքում զբաղվել է մանկապղծությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում Սերոբ Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը (նախատեսում է ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով) վերաորակվել է, եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 3-րդ մասով (նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 եւ 8-15 տարի ժամկետով):




























