ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Հրազդանի եւ Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատներն այսօր` հունիսի 17-ին ժամը 14:40-ի սահմաններում հայտնաբերել են դեռեւս երեկ Գառնու ձորով հոսող Ազատ գետում անհետացած աղջկա դիակը:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 16-ին ժամը 23:00-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն ահազանգ է տվել Վանաձորի թիվ 21 դպրոցի ուսուցիչ 35-ամյա Էդգար Սարգսյանն եւ հայտնել, որ իր ծանոթ Ծովինար Ղազարյանին Ազատ գետը քշել-տարել է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 35-ամյա Էդգար Սարգսյանը, Ծովինար Ղազարյանը (20-21 տարեկան), 33-ամյա Գնել Հելոփյանը (վերջինս աշխատում է «Օրրան» բարեգործական դպրոցում որպես ուսուցիչ), 36-ամյա Արտեմ Ղազարյանը, Չարենցավանի բնակիչ 24-ամյա Վիգեն Ավդալյանը այցելել են Գառնիի ձոր եւ փորձել են փչովի նավակով նավարկել Ազատ գետում:
Անցնելով 600 մետր տարածություն, նավակը շրջվել է, որի հետեւանքով, Ծովինար Ղազարյանին գետի հոսանքը քշել-տարել է:
Մինչեւ գիշերվա ժամը 01:00-ն Արարատի եւ Կոտայքի մարզերի փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարել, ապա որոնումները շարունակել են այսօր առավոտյան: Քիչ առանջ նրանք գետում վերջապես, հայտնաբերել են Ծ. Ղազարյանի դին:
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, որպեսզի ջրախեղդ եղած աղջկա մարմինը տեղափոխվի դիահերձարան:
Դեպքի վայրում փրկարարների որոնողական աշխատանքները ղեկավարել է Կոտայքի մարզի փրկարար ծառայության պետ Գեղամ Գրիգորյանը: Այստեղ էին նաեւ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի քննիչն ու փորձագետը, նաեւ Արարատի փրկարար ծառայության աշխատակիցները` ջոկատի հրամանատար Գարեգին Ղազարյանի գլխավորությամբ:


Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























