Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռեւս չի ավարտել վարույթը սուրճի շուկայում: Այդ մասին այսօր` հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը:

Սակայն արդեն իսկ առկա են ընկերություններ, որոնք 500-հազարական դրամ տուգանվել են տեղեկություններ չտրամադրելու համար: Դրանք են «Ռոյալ Արմենիա» եւ «Վիվա Առգո» ընկերությունները:

Ըստ Կ. Փոլադյանի` աշխարհում սուրճի արտադրությունն ունի կենտրոնացվածության բարձր աստիճան` մի քանի երկրներ կան, որոնք սուրճ են աճեցնում: Ուստի բնակլիմայական պայմանները մեծ ազդեցություն ունեն սուրճի համաշխարհային առաջարկի վրա: Բացի այդ` սուրճի աճեցումը դժվար գործընթաց է` ծառը տնկելուց հետո պետք է անցնի 4 տարի, եւս 2 տարի` մինչեւ այն կմտնի լիարժեք բերքատվության շրջան:

Հանձնաժողովը ներկայում ուսումնասիրում է ոչ թե այն փաստը, թե ինչո՞ւ է բարձրացել սուրճի գինը (այն բարձրացել է ողջ աշխարհում), այլ այն, թե արդյոք չկա՞ն չարաշահման դեպքեր: Ըստ Կ. Փոլադյանի` կասկածներն առաջացել են այն բանից հետո, երբ տնտեսվարողները սկսել են տարբերակված գներ կիրառել: