Դատական գործընթացներով իշխանությունը շեղում է հանրության ուշադրությունն այլ գործընթացներից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նա նկատեց, որ Հայաստանում սահմանադրական կարգը դադարել է գործել նոր ռեժիմի գալուց հետո, մասնավորապես՝ սկսած ՍԴ շուրջ գործընթացներից:
«Ես դեռ այդ ժամանակ ասել եմ, որ իրավական որոշումների մասին կարելի է մոռանալ: Այսօրվա աբսուրդն այն է, որ մարդկանց նկատմամբ հետաքննությունը շարունակվում է հոդվածով, որը անվավեր է ճանաչվել»,-նշեց Բաբայանը:
Նա հույս հայտնեց, որ ՍԴ բոլոր դատավորները 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշում ընդունելիս ղեկավարվել են բարձր պրոֆեսիոնալիզմով՝ չբացառելով, որ որոշումը պայմանավորված է նաեւ նրանով, որ ներկայիս ռեժիմը պարզապես իշխանություն չունի:
«Զուգահեռ տեղի ունեցավ եւս մեկ իրադարձություն: Բանավոր ձեւով ՍԴ նիստի անցկացման մասին միջնորդություն ներկայացրեցին եւ աջակցեցին դատավորները, որոնց դեմ ուղղված են ՍԴ-ում գործընթացները: Իշխանությունը քննադատում է իրենց դեմ հանդես եկող մարդկանց՝ անկախ բովանդակությունից»,-հավելեց Բաբայանը:




























