Հայաստանում ազատ լրագրող Նաիրա Մելքումյանը Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականի (www.iwpr.net) իր հոդվածում անդրադարձել է գյուղատնտեսական ոլորտի բարեփոխումներին եւ այդ ոլորտում տրամադրվող վարկերին:
Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը, կրճատումներով:
Անցյալ տարվա աղքատ բերքահավաքից հետո ընդունված բազմաթիվ բարեփոխումների շնորհիվ`Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում կտրուկ փոփոխություններ է ակնկալում, սակայն իրենք` գյուղատնտեսները, պակաս լավատեսորեն են տրամադրված:
2010-ին հողագործները բախվեցին ոռոգման ջրի, թունաքիմիկատների եւ գյուղատնտեսական սարքավորումների վարձակալման բարձր գների խնդրին:
Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում սննդամթերքի գները տարեկան կտրվածքով աճել են 12 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի գնաճը կազմել է 40-5 տոկոս, իսկ մրգի գինը աճել է 4-5 անգամ:
Իրավիճակով անհանգստացած` նախագահ Սերժ Սարգսյանը հրահանգեց նախարարներին մեկնել գյուղական վայրեր` խնդրի պատճառներն ուսումնասիրելու նպատակով:
Գյուղատնտեսության ոլորտում հետագա ցնցումների ազդեցությունը մեղմելու նպատակով` կառավարությունը հանձնարարեց բանկերին բարելավել գյուղատնտեսական վարկերի պայմանները, ինչպես նաեւ վերացրեց ներմուծվող գյուղատնտեսական սարքավորումների, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների համար գանձվող ավելացված արժեքի հարկը:
Կառավարական որոշման համաձայն` ապրիլից հայկական բանկերը սկսել են ցածր` 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր տրամադրել: Վարկի 4 տոկոսը մարվում է պետական սուբսիդավորման հաշվին, իսկ լեռնային եւ սահմանամերձ գոտիներում բնակվող հողագործներին տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է 8 տոկոս: Մինչդեռ անցյալ տարի գյուղատնտեսական վարկի միջին տարեկան տոկոսադրույքը կազմում էր 22 տոկոս:
Չնայած բանկերն արդեն ավելի քան 11 միլիոն դոլարի չափով սուբսիդավորած գյուղատնտեսական վարկեր են տրամադրել, իրենք` հողագործները պնդում են, որ ստացած միջոցները, միեւնույն է, չեն բավականացնում:




























