Ադրբեջանը եւ Թուրքիան մեր թշնամիներն են: Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ մեկնաբանելով հայ հասարակության մեջ վրդովմունքի ալիք առաջացրած պատերազմի ավարների պուրակի բացումը Բաքվում:

Ըստ պատգամավորի՝ դիսկուրսն այն մասին՝  Թուրքիան եւ Ադրբեջանը թշնամիներ են, թե ոչ, պետք է ավարտված համարել, քանի որ պատասխանն ակնհայտ է. «Այո, նրանք թշնամիներ են: Սա պետք է ասել պարզ եւ հստակ: Այո, հենց նրանք են ատելություն ծնում մեր հանդեպ, որքան էլ փորձենք չպատասխանել կամ ավելի ներողամտորեն վերաբերվել նրանց: Այս ամենը նրանց միայն հույս կտա, դա նրանց բնազդն է, համարում են, որ հայերը թույլ են: Նրանք հասկանում են միայն կոշտ արձագանքը»,- ասաց Աբովյանը:

Պատգամավորը նաեւ շեշտեց, որ Հայաստանը, բառիս լավ իմաստով, «դատապարտված է» հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը Ռուսաստանի հետ: