Եվրոպան պետք է դադարեցնի լռությունը՝ Հայաստանին մենակ չթողնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, գրում է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավիե Բելլամին Le Figaro-ի իր սյունակում:
Ֆրանսուա Քսավիե Բելլամին իր սյունակում նշել է, որ 2020-ի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի պատճառով Հայաստանը հազարավոր զոհեր եւ վիրավորներ է ունեցել պատերազմում:
Նա ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում հայ ռազմագերիների պահման խնդրի վրա՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից այդպիսի անմարդկային շանտաժը չպետք է երկար շարունակվի, իսկ Եվրոպան պետք է ցույց տա, որ այն ամբողջությամբ չի կորցրել իր սկզբունքները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում գտնվելու ժամանակ Ֆրանսուա-Քսավիե Բելլամին այցելել էր «Եռաբլուր» ռազմական պանթեոնը, որտեղ թաղված է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում զոհված զինվորների մեծ մասը:
Եվրախորհրդարանի պատգամավորը ֆեյսբուքում կիսվել էր լուսանկարներով պանթեոնից:
««Եռաբլուր» ռազմական գերեզմանատուն: Այս հազարավոր դրոշներից յուրաքանչյուրի տակ անցյալ տարի զոհված զինվորը պաշտպանել է Հայաստանը ագրեսիայից: Նրանց մեծ մասը քսան տարեկան էլ չէին: Ամբողջ Եվրոպան պետք է բացի իր աչքերը եւ վերջապես դուրս գա լռությունից»,- ֆեյսբուքյան իր էջին գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը:
Վերջում նա մեջբերել էր մի հատված Լուի Արագոնի «Կարմիր պաստառ» պոեմից, որը գրվել է 1954-ին Փարիզի 20-րդ թաղամասի փողոցի անվան մեջ Մանուշյանի խմբի հիշատակը հավերժացնելու առիթով: Բանաստեղծությունը գրվել է Մելինե Մանուշյանի՝ մահապատժի ենթարկված ամուսնու մասին գրքի տպավորության ներքո:




























