Հայաստանը չկարողացավ Ռուսաստանի հետ պայմանավորվել ատոմակայանի՝ իր համար շահավետ պայմաններով կառուցման մասին: Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Համեմատության համար, նրա խոսքով, Ռուսաստանը Թուրքիայում ատոմակայան է կառուցում 4 էներգաբլոկով՝ յուրաքանչյուրը 1200 մեգավատ: «Այս կայանը տարեկան 35 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա կարտադրի: Համեմատության համար. Հայկական ատոմակայանի արտադրանքը մոտ 2.7 միլիարդ կվտ/ժամ է կազմում: Թուրքիայում «Ռոսատոմ»-ը 20 տարի ինքնուրույն էլեկտրաէներգիա կարտադրի, եւ միայն հետո կայանը կփոխանցի այդ երկրին: Իսկ մենք չկարողացանք՝ ոչ վաղ, ոչ էլ հիմա բանակցություններ վարել, որպեսզի մեզ համար նույն պայմաններն ապահովենք»,- ասաց Մելքումյանը:
Նա հավելեց, որ սկզբում Հայաստանը բանակցում էր 1200 ՄՎտ հզորությամբ կայանի կառուցման շուրջ, ապա՝ 500-600 ՄՎտ, իսկ հետո ընդհանրապես որոշեցին ամբողջությամբ կենտրոնանալ Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վրա:
Բացի այդ, ըստ խորհրդարանականի, հետաձգվում է նաեւ Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումը:




























