Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների ցուցակի ընդլայնումն «այդ երկրում մարդու իրավունքների խախտումների պատճառով» կապված չէ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ Վիեննայում շարունակվող բանակցությունների հետ: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն:
«Դա ոչ մի կապ չունի ԳՀՀԾ-ի շուրջ ընթացող գործընթացի հետ, դրանք առանձին խնդիրներ են, ԵՄ պատժամիջոցների ռեժիմը մարդու իրավունքների ոլորտում որեւէ կերպ չի փոխում մեր հանձնառությունը ԳՀՀԾ-ի նկատմամբ»,- ասել է Ստանոն:
Նրա խոսքով՝ նոր ցուցակներն ընդունվել են պատժամիջոցների ռեժիմի տարեկան ամենամյա վերանայման շրջանակներում, որն ուժի մեջ է 2011 թվականից: Ստանոն հավելել է, որ սահմանափակումների այս ռեժիմն ամեն տարի երկարաձգվում է՝ Իրանում մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության շարունակական խախտումների պատճառով:
«ԵՄ պատժամիջոցները, որոնք երեկ սահմանվել են ութ անձի եւ երեք կազմակերպությունների նկատմամբ, կապված են նրանց դերի հետ Իրանում 2019 թվականի նոյեմբերին ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնության մեջ: ԵՄ պատժամիջոցները հստակ իրավական հիմք ունեն եւ համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին»,- ընդգծել է եվրոպացի ներկայացուցիչը:
Երեքշաբթի ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԵՄ պատժամիջոցների կիրառումը, նշել էր, որ եթե այս որոշումը դիտավորյալ է կայացվել Վիեննայի բանակցությունների ընթացքում, ապա դա «սխալ է, ինչն ավելի վատ է, քան հանցագործությունը»:





























