Հայտնաբերվել է դեռեւս հունիսի 17-ին «Այծեսար» լեռը բարձրացած 25-ամյա երիտասարդը:

Հունիսի 18-ին ժամը 13.00-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի գյուղապետ Գ.Թովմասյանից ահազանգ էր ստացվել, որ գյուղի բնակիչ 25-ամյա Վիգեն Թովմասյանը  հունիսի 17-ին ժամը 11.00-ի սահմաններում դուրս է եկել տնից դեպի «Այծեսար» կոչվող լեռ եւ մինչ օրս չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների եւ կինոլոգների օգնությունը որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբից 2 փրկարար, 1 կինոլոգ, Հայաստանի ԱԱԾ Սահմանապահ զորքերի կինոլոգիական ծառայության 3 կինոլոգ:

Ժամը 17.00-ից սկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցել են նաեւ Ծովագյուղ գյուղի 115 բնակիչ:

Ժամը 21.40-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Հունիսի 19-ին ժամը 09.15-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցել են 30 փրկարարներ եւ տեղի 28 բնակիչ:

Ժամը 19.00-ին Տավուշի մարզի Խաչարձան գյուղի մոտ տեղի անտառապահները եւ համագյուղացիները հայտնաբերել են Վիգեն Թովմասյանին անվնաս վիճակում: