Պատերազմի ավարտից հետո Արցախի Խծաբերդ գյուղից գերեվարված զինծառայողների ծնողները, որոնք վարչապետին հանդիպելու պահանջով նախորդ օրը ակցիա էին անցկացնում և հրաժարվում լքել Շիրակի մարզպետարանի շենքը, գիշերել են այնտեղ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին,  NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց գերեվարված զինծառայողներից մեկի ծնողը, որի անունը չենք հրապարակում։

«Մարզպետարանը փակ է՝ շրջապատված է բազմաթիվ ոստիկաններով։ Մեր պահանջն է՝ հանդիպում վարչապետի հետ։ Վարչապետն այս պահին ելույթներ է ունենում, պատերազմի մասին է խոսում, բայց չի եկել ծնողների հետ հանդիպման»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ծնողների հետ նախորդ օրն այցելել էր Շիրակի մարզի Ազգային անվտանգության պետը։ Հանդիպումը, սակայն, ըստ նրանց, անարդյունք է անցել․ «Մեզ խաբել են, մեզ պետք  է հստակ պատասխան տան՝ երբ են վերադարձնելու մեր տղաներին։ Էլ ոչ ոքի չենք հավատում»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզպետարանում: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող  գերիների հարազատներին, որի ժամանակ ապակի է կոտրվել: Խոսքը պատերազմի ավարտից հետո Արցախի Խծաբերդ գյուղից գերեվարված շիրակցի պահեստազորայինների մասին է: Նրանց հարազատների հետ երեկ հանդիպել է Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետը, փորձել է բանակցել, որ ազատեն շենքը։

Գերիների հարազատների հետ բանակցում է Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետը. նրանք չեն լքում մարզպետարանի շենքը