Հայաստանի ներկայիս իշխանությունը հանդես է գալիս հանուն արդարության, այլ ոչ թե երկրում դատավարությունների իրականացման: Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում կառավարության 2020 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով մարտի 1-ի գործի վերաբերյալ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
Ինչպես նշեց պատգամավորը, երկրում հիմնական դատական գործընթացներից մեկը` մարտի 1-ի գործը, փաստորեն, փակուղի է մտել: Ուրիխանյանը նաեւ հարցրեց վարչապետին՝ արդյոք նա դեռ համարում է, որ այս գործը բացահայտված է:
«Մենք արդարություն ենք փնտրում, ուզում ենք մեր երկրում տեսնել անկախ դատարաններ, այլ ոչ թե դատավճիռներ: Կարծում եմ, որ մարտի 1-ի գործը բացահայտված է, չնայած դատարանների իրավական գնահատականներին: Հակասում է արդյոք Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածը Սահմանադրությանը, դա արդեն այլ հարց է: Միգուցե մի օր կհրապարակվեն մարտի 1-ի գործով բոլոր նյութերը, եւ այդ ժամանակ ինքներդ կտեսնեք, որ այն բացահայտված է»,- ասաց Փաշինյանը:
Ի պատասխան՝ խորհրդարանականը քմծիծաղով նկատեց, որ այդ դեպքում Հայաստանի հաջորդ իշխանությունները ստիպված կլինեն զբաղվել մարտի 1-ի գործով:
Ուրիխանյանն ուղղակիորեն հարցրեց վարչապետին՝ արդյոք նա մեղավոր է համարում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար:
«Կրկնում եմ՝ մենք ձգտում ենք իդեալին,իսկ մեր իդեալը անկախ դատարանն է: Ավելի լավ է մեղավորն ազատության մեջ լինի, քան անմեղը՝ բանտում: Պետք է ասեմ, որ այո, Հայաստանում ոչ բոլոր մեղավորներն են այժմ գտնվում ճաղերի հետեւում, բայց հավաստիացնում եմ, որ «թավշյա հեղափոխությունից» հետո չկա մի անմեղ մարդ, որը նստած է բանտում: Սա մեր մեծ ձեռքբերումն է »,- ընդգծեց կառավարության ղեկավարը:





























