Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսի դրությամբ (նախորդ տարվա մայիսի նկատմամբ) կազմում է 9.9 տոկոս: Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական մակրոտնտեսական ցուցանիշներում (շտապ հավաքագրված տվյալների ամփոփման հիման վրա):

Նշենք, որ 2011 թ. սա տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է: Ընդ որում` ակտիվության ամենամեծ չափաբաժինը արդյունաբերությանն է` 25.1 տոկոս: Տնտեսության մյուս ճյուղերը ունեցել են չափավոր աճ, իսկ շինարարությունում արձանագրվել է 5.1 տոկոս անկում: Այսպես` ծառայությունների աճը 5.6 տոկոս է, առեւտրի շրջանառությունն աճել է 2 տոկոսով, իսկ գյուղատնտեսության մասով աճ գրեթե չկա: