Մոսկվան հույս ունի, որ Անկարան կլսի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կոչը՝ վերլուծել Կիեւի ռազմատենչ հայտարարությունները եւ չսնել ուկրաինական իշխանությունների ռազմատենչ տրամադրությունները:

Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանը Թուրքիայի ղեկավարության հետ շփման ընթացքում կոչ է անում զերծ մնալ Կիեւի ռևանշիստական նկրտումները խթանող քայլերից: «Թուրքիայի Հանրապետության ղեկավարության հետ շփումների ընթացքում մենք պարբերաբար կարծիքներ ենք փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի բոլոր, նույնիսկ շատ նուրբ հարցերի շուրջ: Մասնավորապես, հայտնում ենք Ուկրաինայի հարավ-արեւելքի հետ կապված ռուսական գնահատականները եւ, իհարկե, Անկարային լավ հայտնի է, որ արտասահմանից Կիեւի իշխանությունների ռազմատենչ գծի խրախուսումը մեր ամենալուրջ մտահոգությունն է առաջացնում»,- ասել է Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք միշտ շեշտում ենք այդ թվում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում քայլերից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք կարող են իրավիճակի վատթարացում առաջացնել Դոնբասում: Մենք մտադիր ենք շարունակել շահագրգիռ մասնագիտական երկխոսությունն օտարերկրյա գործընկերների հետ՝ խրախուսելով նրանց ոչ թե խթանել ռեւանշիստական տրամադրությունները Կիեւում, այլ առկա բոլոր քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով նպաստել Ուկրաինայի շուրջ իրավիճակի կայունացմանը եւ բարելավմանը»,- հավելել է նա: