Հունաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Նիկոս Դենդիասը եւ Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում համատեղ մամլո ասուլիսում խայթոցներ են փոխանակել, որը սկսվել է հարաբերությունների բարելավման հույսով, բայց արագ վերածվել է երկու կողմերից կոշտ մեղադրանքների, հաղորդում է Reuters-ը:
Ձգտելով մեղմել Միջերկրական ծովի տարածքային վեճերի շուրջ ամիսների լարվածությունը՝ Դենդիասը աջակցություն է հայտնել Եվրամիություն մտնելու Թուրքիայի ձգտումներին, բայց ասել է, որ Հունաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում կպատժվի:
Նրա մեկնաբանությունները արժանացել են Չավուշօղլուի զայրացած պատասխանին, որը դրանք անվանել է «անընդունելի»: Դենդիասը նկատել է, թե իրեն զարմացնում է, որ Չավուշօղլուն հավատում է, թե ինքը կվարվի այնպես, կարծես ոչինչ չի պատահել Էգեյան ծովում եւ արեւելյան Միջերկրական ծովում:
Դենդիասը ողջունել է Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ նախնական բանակցությունների վերսկսումը՝ նշելով, որ երկու հարեւանների միջեւ երկկողմ հարաբերությունների բարելավման համար «զգալի տարածություն կա»՝ միաժամանակ մեղադրելով Անկարային միջազգային օրենքների խախտման մեջ, որոնք սպառնում են Եվրամիությանն անդամակցելու նրա ձգտումներին:
«Ես գիտեմ, որ մեր առջեւ երկար ճանապարհ կա, բայց հուսով եմ, որ այսօր կարող ենք մեկ քայլ առաջ գնալ»,- ասել է Դենդիասը՝ Չավուշօղլուին հրավիրելով Աթենք եւ մատնանշելով Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հնարավորությունը, հայտնում է Kathimerini-ն:
Դենդիասն ընդգծել է, որ հարաբերությունները չեն կարող բարելավվել առանց «սադրիչ գործողությունների եւ մեկնաբանությունների լիցքաթափման»:
Նա նաեւ քննադատել է Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումները եւ Անկարային մեղադրել է ծովի օրենքը խախտելու մեջ` հայտարարելով, որ միջազգային իրավունքի հարգումը կարեւոր նշանակություն ունի Եվրոպային միանալու Թուրքիայի ցանկացած ձգտման համար:
Չավուշօղլուն նույնպես անկեղծ է եղել իր մեկնաբանություններում` ասելով, որ երկու կողմերի միջեւ «տարաձայնություններ կան» Էգեյան ծովի եւ Միջերկրական ծովի շուրջ` Թուրքիայի պահանջները որակելով «օրինական»:
Նա նաեւ կրկնել է Էգեյան ծովի մի քանի կղզիների ապառազմականացման կոչերը` Լոզանի պայմանագրի խախտումների վերաբերյալ Դենդիասի մեկնաբանություններին ի պատասխան հայտարարելով, որ «դուք ասում եք միայն այն, ինչը ձեզ հարմար է»:





























