Հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ուղղության մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ (ՌԱԷԿ, Ռովնոյի մարզ, Ուկրաինա)՝ տեխնիկական սպասարկման եւ նորոգման ուղղությամբ փորձի փոխանակման նպատակով: Հայ մասնագետների այցը տեղի է ունեցել «ԱԷԿ-ի սարքավորումների վրա վերանորոգման աշխատանքների իրականացման արդյունավետության գնահատում» բենչմարքինգի շրջանակում, որը կազմակերպել է ԱԷԿ-երը շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇՀԿԱ ՄԿ) Մոսկովյան կենտրոնը, հաղորդում է AnalitikaUA.net-ը՝ հղում անելով Rnpp.rv.ua-ին:

Շաբաթվա ընթացքում ատոմային ոլորտի մասնագետները փոխանակվել են փորձով, գաղափարներով եւ պրակտիկայով: Հանդիպման առաջին օրը տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն  Ռովնոյի ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Պավել Կովտոնյուկի եւ  ՇԿՀԱ ՄԿ-ի ներկայացուցիչ Անատոլի Վասիլչուկի հետ: Պավել Կովտոնյուկը նշել է նման հանդիպումների կարեւորությունը:

Այցի ընթացքում ՌԱԷԿ-ի մասնագետները հայաստանյան պատվիրակությանը ներկայացրել են էլեկտրակայանում տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը, անվտանգության համար կարեւոր համակարգերի սարքավորումների վերանորոգման կազմակերպումը, ապահերմետիկացված սարքավորումներ կողմնակի առարկաների ներթափանցման կանխմանն ուղղված գործունեության իրականացումը։ Քննարկվել են չնախատեսված եւ պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների բարձր որակի ապահովման, ինչպես նաեւ վերանորոգման պլանավորման, ժամկետների օպտիմալացման, տեխնիկական սպասարկման անձնակազմի վերապատրաստման գործում ծրագրային ապահովման կիրառման հետ կապված հարցեր:

Միջոցառման շրջանակում հայկական ԱԷԿ-ի մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի տուրբինային եւ ռեակտորային բաժանմունքներ, որտեղ պլանային կանխարգելիչ նորոգումն ավարտական փուլում է: Պատվիրակությունը ծանոթացել է նաեւ ուսումնական սարքերի միջոցով տեխնիկական սպասարկման անձնակազմի վերապատրաստման պրակտիկային եւ տեխնիկական սպասարկման անձնակազմի համար մարդկային սխալները կանխելու մեթոդներին: