Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը «չափազանց բացասական է», Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար Լե Յուչենը՝ հավելելով, որ համագործակցությունը կարող է ունենալ շատ կարեւոր նշանակություն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շեշտադրում է կոնֆրոնտացիան եւ նվազեցնում համագործակցության նշանակությունը: «Այդպիսի մոտեցումը չափազանց բացասական է»,-ասել է նա՝ հավելելով, որ երկրին պակասում է «հեռատեսությունը»: Նա նաեւ հասկացրել է, որ Չինաստանը հազիվ թե կստանձնի ինչ-որ նոր պարտավորություն կլիմայի փոփոխության հարցով հանդիպման ժամանակ, որը հրավիրել է նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ:

Անցած տարի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել էր, որ 2060 թվականին Չինաստանը կդառնա ածխածնային չեզոք երկիր եւ մտադիր է հասնել արտանետումների գագաթնակետին 2030 թվականին: «1,4 միլիարդ բնակչություն ունեցող մեծ երկրի համար հեշտ չէ հասնել այդ նպատակին»,-ասել է Լե Յուչենը: «Որոշ երկրներ խնդրում են Չինաստանին անել ավելին կիմայի փոփոխության հարցում: Կարծում եմ՝ դա այնքան էլ իրատեսական չէ»:

Նրա խոսքով՝ Չինաստանն արձագանքում է կլիմայի փոփոխությանը սեփական նախաձեռնությամբ, եւ ոչ այն պատճառով, որ ուրիշներն են խնդրել այդ մասին: