Գարեգին Բ-ի` հունիսի 10-15-ին Վրաստան կատարած այցից հետո մի շարք կարեւոր հարցեր արդեն լուծում չեն ստանա: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ջավախքի հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյանը:

Նրա խոսքով, Հայ առաքելական եկեղեցին նույնպիսի փոխզիջումային եւ պարտվողական քաղաքականություն է վարում Ջավախքի եւ Վրաստանի հայ համայնքի հարցում, ինչպես Հայաստանի իշխանությունները:

Օրինակ, ըստ Ալվրցյանի, կաթողիկոսը Ախալցխայի Սուրբ Նշան եւ Թբիլիսիի վիճելի եկեղեցիներ այցելելու փոխարեն այցելել է Ախալցխայի մանկապարտեզ, որը եկեղեցի են սարքել:

Փորձագետը նկատել է, որ կաթողիկոսի այցը Ջավախք իսկապես պատմական է, սակայն դա անբավարար է: «Պատմական այցի ընթացքում պատմական իրադարձություններ են կատարվում, սակայն այդ այցը որեւէ արդյունք չտվեց անգամ հայտարարության տեսքով»,- նշել է նա:

Նշենք, որ Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդները չեն կարողացել գալ ընդհանուր հայտարարի` կոմյունիկեի տեքստի շուրջ, քանի որ այնտեղ վիճելի ձեւակերպումներ են եղել: Դրանք հնարավոր չի եղել քննարկել ժամանակի սղության պատճառով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնել էր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար, տեր Վահրամ քահանա Մելիքյանը` նկատելով, որ կոմյունիկեն չի ստորագրվել:

Մելիքյանի խոսքով, հայկական կողմի համար անընդունելի էին այն ձեւակերպումները, թե Վրաստանում Հայ առաքելական եկեղեցին ունի այն հարցերն ու խնդիրները, որոնք, իբր ունի նաեւ Վրաց ուղղափառ եկեղեցին Հայաստանում: Հայկական պատվիրակությունը վիճարկել է այդ պնդումը, քանի որ վրացական համայնքն ու վրաց եկեղեցին երբեք խնդիրներ չեն ունեցել կարգավիճակ ստանալու հարցում, ավելին, ժամանակ հրաժարվել են կարգավիճակ ստանալուց:

«Բացի այդ, լրատվամիջոցներում շրջանառվող կոմյունիկեի տեքստը առաջ էր քաշվել վրացական կողմից` ՀԱԵ պատվիրակության քննարկման եւ հաստատման համար, սակայն ստորագրման արարողություն չի եղել: Մեզ համար նաեւ անհասկանալի է, թե ինչպես է այն դրվել շրջանառության մեջ, երբ չի վավերացվել որեւէ կողմից»,- նկատել էր Մելիքյանը:

Հարցին, թե կա՞ն արդյոք Հայաստանում վրացական եկեղեցիներ, Մելիքյանը պատասխանել էր, թե Նորագավիթում կա եկեղեցի, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից տրվել է վրացական համայնքին, որ սուրբ պատարագ մատուցվի եւ հոգեւոր կենտրոն ունենան:

Ինչ վերաբերում է Հայաստանի հյուսիսում գտնվող տաճարներին, որոնք, ըստ վրացական կողմի պնդման, վրացական են, Մելիքյանի խոսքով, այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Այդ կապակցությամբ Սուրբ Էջմիածինը հայտնել է իր դիրքորոշումը` նկատելով, որ վրացական կողմը չի հիմնավորել իր պահանջները: