Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարան) խոսնակ Համուդ Սաբագը երկուշաբթի նշել է առաջին թեկնածուի անունը, ով հայտնել է մայիսի 26-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ելույթ ունենալով պատգամավորների առջեւ՝ նա հայտարարել է, որ Սիրիայի Գերագույն սահմանադրական դատարանը դիմում է ստացել Հալեպում 1956 թվականին ծնված քաղաքացի Աբդուլլահ Սալում Աբդուլլահից: Այդ հավակնորդն օրենսդիրներին կոչ է արել սատարել իր թեկնածությունը: Թեկնածուի նախընտրական պլատֆորմի վերաբերյալ տվյալներ չեն տրամադրվել:
Երկուշաբթի օրվանից հանրապետության Գերագույն Սահմանադրական դատարանը սկսել է փաստաթղթերի ընդունումը նախագահի թեկնածուներից: Գրանցումը կտեւի 10 օր՝ մինչեւ ապրիլի 28-ը:
Նախորդ նախագահական ընտրությունները Սիրիայում կայացել էին 2014-ին եւ անցկացվել էին այլընտրանքային հիմունքներով: Քվեարկությանը մասնակցել էր Սիրիայի քաղաքացիների 73.5 տոկոսը: Ընտրություններում հաղթել էր «Արաբական սոցիալիստական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Բաշար ալ-Ասադը՝ստանալով ընտրողների 88.7 տոկոսի աջակցությունը:



























