Հայաստանի իշխանությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափը: Այս մասին ապրիլի 20-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արման Եղոյանը:
Նա նշեց, որ դաշինքի կամ առանձին կուսակցության ձեւաչափով ընտրություններին նրանց մասնակցության հարցը դեռ քննարկվում է: «Վերջնական որոշում դեռ չկա»,- ասաց պատգամավորը: Եղոյանը նշեց նաեւ, որ իրենք աչքի առաջ ունեն ուժեր, որոնց հետ կարող են դաշինք կնքել, սակայն հրաժարվեց հայտնել դրանք:
Նա վերահաստատեց, որ պաշտոնաթողությունից հետո վարչապետի պաշտոնակատարը կրկին Նիկոլ Փաշինյանը կլինի:
Ավելի վաղ «Իմ քայլից» խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ իշխանությունները հակված են մասնակցելու ընտրություններին Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձեւաչափով:.





























