Մենք ակնկալում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակի պատասխանը կստացվի ապրիլի 24-ին: Այս մասին ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Թանգարանի տնօրենը նշել է, որ սա կարեւոր քայլ կլինի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: «Պաշտոնապես հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակը հասել է հասցեատիրոջը: Միացյալ Նահանգների նախագահի ճանաչումը շատ բան կփոխի, քանի որ Միացյալ Նահանգներն աշխարհի գերհզոր պետությունը եւ ՆԱՏՕ-ի առաջատար անդամներից մեկն է:
Հուսով եմ, որ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կշարունակվի առանձին օրենքների, առանձին պատժամիջոցների տեսքով 100 տարի առաջ ցեղասպանություն իրականացրած պետության դեմ, որն այսօր էլ շարունակում է ցեղասպան քաղաքականություն վարել: Այսինքն՝այս պետության մոտ Հայաստանի նկատմամբ ոչինչ չի փոխել: Դա մենք տեսանք վերջին պատերազմի ժամանակ, երբ Հայաստանի դեմ դիտավորյալ կերպով ագրեսիվ քաղաքականություն էր տարվում: Կարծում եմ, որ Ցեղասպանության ճանաչումը սանձահարման պես մի բան կլինի»,- ասաց Մարությանը:





























