Ռուսաստանը չի ծրագրում Թուրքիայից «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքեր գնել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովային:
«Ռուսաստանը այսօրվա դրությամբ չի քննարկում Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր գնելու հարցը, քանի որ նա նույն դասի սեփական «Օրիոն» ԱԹՍ-ներն ունի, որոնք ինչպես մատակարարվում են Ռուսաստանի զինված ուժերին, այնպես էլ արտահանվում են»,- ասել է Ռեշետնիկովան:
Ապրիլի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Haberturk-ի եթերում հայտարարել է, որ Ուկրաինային մարտական անօդաչու սարքերի վաճառքի գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Միաժամանակ, նա հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արտադրանքը Մոսկվային մատակարարելու քննարկմանը Անկարայի պատրաստակամության մասին։
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ՝ ռուսական С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակ գնելու շուրջ:





























