Մարոկկոյի թագավորական զինված ուժերը 70 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել «Բայրաքթար» TB2 թուրքական 13 մարտական անօդաչու սարքերի գնման համար:

Գործարքը ներառում է նաեւ հեռակառավարման չորս ցամաքային կայաններ, անօդաչու թռչող սարքերի հետ աշխատանքի համար մոդելավորման կարգավորվող համակարգ եւ տեղեկատվությանը հետեւելու եւ պահպանելու թվային համակարգ: Նյութատեխնիկական աջակցությունը նույնպես համաձայնագրի մաս է կազմում:

Հաղորդագրության համաձայն, անօդաչու թռչող սարքերը պետք է մատակարարվեն այս տարի, դրանք նաեւ «տարածաշրջանային եւ մայրցամաքային տերություն» դառնալու թագավորության աճող հավակնությունների մաս են հանդիսանում:

2017-ին Ռաբատը «տարածաշրջանային գերազանցության» հասնելու հնգամյա ծրագիր է մշակել` իր ռազմական ուժերը արդիականացնելու հաշվին:

Անցյալ տարի ԱՄՆ-ը հավանության էր արժանացրել չորս MQ-9B Sea Guardian անօդաչու թռչող սարքերի վաճառքը Մարոկկոյին՝ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո, որը կատարվել էր Վաշինգտոնի կողմից Արաբական Սահարայի նկատմամբ ինքնիշխանության Ռաբատի պահանջների ճանաչման դիմաց:

Հաղորդվում է, որ Մարոկկոն նույն տարում Ֆրանսիայի տարածքով նաեւ իսրայելական Heron հետախուզական երեք անօդաչուներ է ստացել: