Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի միջոցով ձեռք բերված պայմանավորվածությունները հուսալի հիմք է անվանել ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարի համար: Այս մասին նա հայտարարել է՝ելույթ ունենալով կլիմայի խնդիրների վերաբերյալ առաջնորդների գագաթնաժողովին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա առաջարկել է կարգավորել միջազգային համագործակցությունը վնասակար արտանետումների բոլոր տեսակների մոնիտորինգի հարցում: «Շատ կարեւոր կլիներ լայն եւ արդյունավետ միջազգային համագործակցություն ստեղծել մթնոլորտ բոլոր տեսակի արտանետումների հաշվարկման եւ մոնիտորինգի հարցում: Մենք բոլոր շահագրգիռ երկրներին հրավիրում ենք միանալ համատեղ գիտական հետազոտություններին, համատեղ ներդրումներ կատարել գործնականում նշանակալի կլիմայական նախագծերում եւ ավելի ակտիվ զբաղվել ազդեցությունների մեղմման եւ կլիմայի փոփոխություններին ադապտացվելու ածխածնային տեխնոլոգիաների մշակմամբ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունն այլ երկրների հետ՝սուր գլոբալ խնդիրների, այդ թվում՝ կլիմայի փոփոխության խնդրի լուծման համար:
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է նախապատվություններ տրամադրել օտարերկրյա ընկերություններին, որոնք պատրաստվում են ներդրումներ կատարել Ռուսաստանի Դաշնությունում մաքուր տեխնոլոգիաների մեջ: «Համոզված եմ, որ կլիմայի պահպանման համար պայքարը կոչված է միավորելու ամբողջ համաշխարհային հանրության ջանքերը: Ռուսաստանը պատրաստ է համատեղ մի շարք նախագծեր առաջարկել, դիտարկել նույնիսկ արտոնությունների հնարավորությունն օտարերկրյա ընկերությունների համար, որոնք կցանկանան ներդրումներ կատարել մաքուր տեխնոլոգիաների մեջ, այդ թվում նաեւ՝ մեր երկրում»,- ասել է նա:





























