Հորդանանում ազատ են արձակել 16 մարդու, ովքեր կապված են թագավորական ընտանիքի դեմ ենթադրյալ դավադրության հետ: Սակայն թագավորական ընտանիքի անդամը եւ թագավորի նախկին խորհրդականը մնացել են անազատության մեջ:

Ինչպես հայտնում է AFP-ն, ազատվածները հիմնականում թագավոր Աբդուլլահի եղբայր, նախկին գահաժառանգ արքայազն Համզայի նախկին անձնական օգնականներն են։ Համզան ապրիլյան տեսանյութում հայտարարել էր, որ իրեն արգելել են լքել իր տունը եւ երկրի ղեկավարներին մեղադրել էր կոռուպցիայի մեջ:

Երկու օր անց Համզան հավատարմության երդում էր տվել թագավորին այն բանից հետո, երբ զինվորականները նրան հրամայել էին դադարեցնել գործողությունները, որոնք, ըստ նրանց, խաթարում են Հորդանանի անվտանգությունը:

Թագավորական ընտանիքի անդամ Շարիֆ Հասան Բեն Զաիդը մնացել է կալանքի տակ, ինչպես եւ Բասեմ Ավադալլահը՝ թագավորի վստահված անձը, որը զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի խորհրդականն է եղել:

Պետական լրատվական Petra գործակալությունը, վկայակոչելով դատախազին, հայտնել է, որ նրանք ազատ չեն արձակվել, քանի որ «նրանց դերերն ու քարոզչության մակարդակը տարբերվել են մյուսներից»: