Վերջերս Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը չհայտարարված այց է կատարել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աֆղանական բարձրաստիճան աղբյուրին:
Բացի այդ, Աֆղանստանի անվտանգության նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը ծանոթ է երկրի հակաահաբեկչական ծրագրին, ասել է, որ վեց ստորաբաժանումներից երկուսը, որոնք պատրաստվել եւ կառավարվում են ԿՀՎ-ի կողմից՝ զինյալներին հետապնդելու համար, արդեն փոխանցվել են Աֆղանստանի վերահսկողությանը:
ԿՀՎ-ում հրաժարվել են մեկնաբանել տնօրենի այցը Քաբուլ: Ըստ աղբյուրների, հանգստյան օրերին Բերնսը գաղտնի այցելել է Աֆղանստան: Նրանք չեն ասել, թե ում հետ է հանդիպել նա, սակայն նշել են, որ քննարկումները վերաբերել են ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Աֆղանստանի պատրաստականությանը:
Վերջերս Բերնսը Կոնգրեսին հայտարարել էր, որ ոչ «Ալ-Քաիդա»-ի, ոչ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները չեն կարող հարձակվել ԱՄՆ ուժերի վրա: Այնուամենայնիվ, «երբ կգա ԱՄՆ զինված ուժերի դուրսբերման ժամանակը, սպառնալիքներին արձագանքելու ԱՄՆ կառավարության կարողությունը կթուլանա, դա պարզապես փաստ է»,- ասել է նա:





























